ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ամենավերջին լուսանկարս

Ամենավերջին լուսանկարս
27.09.2025 | 17:16

25.09.2023թ.։

Այո, հենց այս օրը բռնեցի գաղթի ճամփան և դարձա գաղթական։

Ամենավերջին լուսանկարս... Ստեփանակերտն է։

Սա սովորական նկար չէ, այլ մի ամբողջ կյանք կա իմ աչքերում, իմ հոգում, իմ տան պատերի ներսում։ Իմ քաղաքը, մի վերջին անգամ փորձեցի զգալ, տեսնել, անվերջ նայում էի...

Իմ տան պահարանում դասավորված մնացին իմ երեխաների արցունքաթաթախ ծալված շորերը։

Իմ տան դուռը փակվեց և ներսում մնացին հիշողություններ։

Մի վերջին անգամ գնացի հայրական տունս տեսնելու, բայց չհամարձակվեցի բարձրանալ։

Պապաս բակում դիմավորեց մեզ.

- Օքսան, պապուն բալա, քինա, էնա Ելենը (քույրիկս) տոննա նկարում, պիցրաց տուվել մին վերջին անգամ տես, էլ տսնելուչս։

-Պապ, կարելչում։

Հանում եմ հեռախոսս ու փակ պատուհանիս մի վերջին անգամ՝ լացելով, հրաժեշտ տալիս։

Մանկությանս լուսանկարները չվերցրի։ Այն խնամքով թաքցրի պահարանի տակ։

Ֆիզիկապես էինք ապրում, բայց հոգեպես թաղված էինք։ Տակն ու վրա արված սիրտս նայում էր վերև, օգնություն հառաչում, բայց արտասվում էր երկինքը՝ մեր գլխին հորդառատ անձրև թափելով։

Կայծակն էլ հարվածում էր մեր ամենցավոտ տեղերին։ Սառած, այլայլված հայցքներով էինք նայում մեկս մյուսին, երբ իրար էինք հանդիպում ու լուռ փորձում հասկանալ, ի՞նչ է կատարվում, բայց չդիմանալով՝ բարձր լացում էինք։

Լացն էր մեր միակ ընկերը և այդ օրերին մեր հոգու անբաժան մասնիկն էր դարձել։

Ինչպե՞ս, ասեք, ինչպե՞ս ջնջեմ այս ամենն իմ հիշողությունից, երբ հետս կարողացա բերել ընդամենը մի բուռ հող և...

Շատ բան կա ասելու, բայց... բայց արցունքներս խեղդում են, չի ստացվում շարադրել։

Օքսաննա ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ